Կայունությունը հարավկովկասյան տարածաշրջանում, այդ թվում նաեւ Ադրբեջանում ու Վրաստանում, դեռեւս խնդիր է մնում։ Ադրբեջանական АPА գործակալությանն ասել է Կանզասի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր եւ Վաշինգտոնում արտաքին կապերով խորհրդի վերլուծաբան Դեյլ Հերսփրինգը։
Նա նշել է, որ մինչեւ ղարաբաղյան եւ այլ հակամարտությունների լուծումը, դժվար է պատկերացնել, որ այս տարածաշրջանում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը անվտանգության ոլորտում կհամագործակցեն: «Կարծում եմ, որ Վրաստանի կայունացման համար, դեռեւս որոշ ժամանակ անհրաժեշտ է։ Հայաստանում եւ Ադրբեջանում եւս պետք է կայունությունը վերականգնվի։ Մյուս կողմից, ենթադրում եմ՝ մեծ վտանգ է ստեղծում այն, որ Մոսկվան դեռեւս ի զորու չէ «հանգստացնել» Հյուսիսային Կովկասը»,- ասել է նա։
Հերսփրինգի կարծիքով, կայունությունն առաջին հերթին անհրաժեշտ է տարածաշրջանային երկրներին՝ արեւմտյան ինստիտուտներին ինտեգրվելու համար։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանի հեռանկարները կախված կլինեն Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններից. «Եթե հարաբերությունները դրական լինեն, մենք տարածաշրջանում ականատես կլինենք ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական կայունության»:




























