2012թ. խորհրդարանական ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը ոչ միայն կպահպանի, այլեւ կբազմապատկի 2007-ի ձեռքբերումները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի նման համոզմունքը հիմնված է ընտրողների հետ հանրապետականների մասնավոր հանդիպումների եւ հարցումների արդյունքների վրա: «Եթե որոշ քաղաքական ուժերի պնդումները մերկապարանոց են, մեր հայտարարությունները համապատասխանում են իրականությանը»,- ասել է պատգամավորն ու ընդգծել, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում իր դիրքերը չի զիջի որեւէ այլ քաղաքական ուժի:

«Թող հույս չունենան, մենք դույզ-ինչ չենք զիջելու մեր ներկայիս դիրքերը»,- ասել է Շարմազանովը: Նա նշել է նաեւ, որ ՀՀԿ-ի նպատակը չէ ավելացնել իր նախարարական պորտֆելները, այլ լուծել գլոբալ խնդիրները, ինչի համար կուսակցությանն ուժեղ դիրքեր են անհրաժեշտ քաղաքական դաշտում:

Խոսելով շրջանառվող լուրերի մասին, որ կառավարող կուսակցության շարքերում արդեն սկսվել է պաշտոնների բաժանումը եւ լուրջ տարաձայնություններ են առաջացել, Շարմազանովն ասել է. «Չի կարելի ասել, որ կոալիցիայի շարքերում լուրջ տարաձայնություններ կան, թեեւ չի բացառվում, որ «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն այլ կերպ են մտածում»:

Կանխատեսումներ անելով առաջիկա քաղաքական տարվա վերաբերյալ՝ Շարմազանովն ասել է,թ ե բուռն գործընթացներ ակնկալել չարժե. «Իսկ ով ժամկետից շուտ սկսի նախընտրական մարաթոնը, ճանապարհի կեսից ուժասպառ կլինի»:

Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ խորհրդարանի նախագահի պաշտոնին 2012թ. ընտրությւոններից հետո հավակնում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Բայց ՀՀԿ-ն արագ արձագանքել է՝ նշելով, որ մտադիր չէ կոալիցիոն գործընկերոջը զիջել այդ կամ մեկ այլ պաշտոն: Ըստ լրատվամիջոցների՝ շատ քաղաքական ուժեր, այդ թվում ՀՀԿ-ն, արդեն սկսել են նախընտրական ցուցակների կազմումը, եւ այդ ֆոնին լուրջ տարակարծություններ են առաջացել: