Ամերիկյան Global Finance ամսագիրը հրապարակել է աշխարհի 50 ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը։ Այն կազմվել է միջազգային առաջատար վարկանիշային գործակալությունների գնահատականների հիման վրա։ Ցուցակում գերակշռում են Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Կանադայի բանկերը։ «Կոմերսանտի» տեղեկացմամբ՝ ռուսական ֆինանսական ինստիտուտները չեն մտել նույնիսկ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային վարկանիշային աղյուսակ։

Նախորդ տարվա համեմատ վարկանիշի առաջին տասնյակը համարյա չի փոխվել։ Նախկինի պես առաջատարը գերմանական KFW-ն է։ Նրան, ինչպես նախկինում, հետեւում են ֆրանսիական Caisse des Depots et Consignations-ը (CDC) եւ հոլանդական Bank Nederlandse Gemeenten-ը։

Վարկանիշային աղյուսակում գերակշռում են գերմանական, ֆրանսիական եւ կանադական բանկերը, որոնք 6-ական ներկայացուցիչներ ունեն։

Հոլանդական բանկերը 3-ն են, սակայն նրանք բոլորը առաջին տասնյակում են։ Ամերիկյան բանկերը չորսն են, որոնցից ամենահուսալին՝  BNY Mellon-ը, զբաղեցնում է ընդամենը 30-րդ տեղը։ Բրիտանական բանկերի թիվն այս տարի 2009 թ. համեմատ ավելացել է մեկով, սակայն նրանք նույնպես չեն մտել առաջին տասնյակ. HSBC-ն 19-րդ տեղում է, Barclays-ը՝ 34-րդ եւ Nationwide Building Society-ն՝ 46-րդ։