«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ողջունում է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների չեղարկումը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Համոզված ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական Միության կողմից ձեռք բերված պատմական համաձայնությունը կարող է արմատապես փոխել զարգացումների ներկա ընթացքը ոչ միայն աշխարհում, այլեւ մեր տարածաշրջանում՝ մեծացնելով խաղաղության, կայունության եւ անվտանգության բաղադրիչը։
Ձեռք բերված համաձայնությունը նոր հնարավորություններ է ընձեռում բարեկամ Իրանի հետ Հայաստանի հետագա համագործակցության խորացման համար: Իրանի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին տնտեսական նոր հեռանկարներ կարող է ապահովել ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ նրանց միջեւ։
Իրանի վերադարձը էներգակիրների համաշխարհային շուկա կնպաստի Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացմանն ու մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ պաշտոնական Երեւանը պետք է ցուցաբերի անհրաժեշտ նախաձեռնողականություն Իրանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ասպարեզներում հարաբերությունների խորացման համար»:



























