Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը եւ Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների վերացումը մեծ եւ կարեւոր քայլ է ամբողջ տարածաշրջանի համար: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին` գալով արտգործնախարարների մակարդակով ընկերակցության երկրների խորհրդի առաջին հանդիպմանը: 

«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ շաբաթ օրվա մեր նվաճումը  ճիշտ ուղղությամբ մեծ կարեւոր քայլ է տարածաշրջանի համար, ոչ միայն աշխարհի անվտանգության», - ասել է նա, մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Մոգերինիի խոսքով, իրանական գործարքը ցույց է տվել, որ  «նույնիսկ ամենաբարդ հարաբերություններում հնարավոր է դրական արդյունքների, երկխոսության,  դիվանագիտական համագործակցության հասնել»: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հունվարի  16-ին հայտարարել է Իրանի կողմից Գործողությունների համատեղ համընդգրկուն պլանի շրջանակում բոլոր պարտավորությունների կատարման մասին, ինչը միջուկային համաձայնագրի իրականացման նախապայմանն էր: Անմիջապես դրանից հետո ԵՄ-ն հայտարարել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ամբողջական, իսկ ԱՄՆ-ը` մասնակի վերացման մասին: