Հայաստանի նախագահ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ այցելությունների հաճախականությունը կարեւոր է հայ-ամերիկյան բազմաբնույթ եւ համակողմանի երկխոսության շարունակականության տեսանկյունից:
ՀՀ նախագահի հավաստմամբ, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման կարեւոր գործոն:
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել ռազմաքաղաքական, կրթական, մշակութային ոլորտներում հայ-ամերիկյան գործակցությունից` կարեւորելով նաեւ ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցության զարգացման եւ առեւտրատնտեսական շփումների ակտիվացման ուղղությամբ ջանքերի գործադրումը:
Սերժ Սարգսյանը եւ Թինա Քեյդենաուն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան ներգրավվածությունը: Նախագահ Սարգսյանը եւ ամերիկացի բարձրաստիճան հյուրը կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը, հույս հայտնելով, որ այդ ձեւաչափով ընթացող բանակցությունները կտան անհրաժեշտ արդյունք:




























