WhatsApp մեսենջերը (Facebook-ի կողմից ձեռք է բերվել 2014-ին) այլեւս բաժանորդային վճար չի գանձի օգտատերերից, հաղորդում է հավելվածների բլոգը:  «Փող գանձելու այս սկզբունքն արդյունավետ չէ, որովհետեւ մեսենջերի շատ օգտատերեր չունեն կրեդիտային կամ դեբետային քարտեր, ինչի հետեւանքով վախենում են առաջին անվճար օգտագործումից հետո կորցնել մուտքը WhatsApp:  Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում նախատեսված է վերացնել հավելվածի տարբեր տարբերակներից միջոցների գանձումը, եւ մեսենջերն անվճար կդառնա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ WhatsApp-ի բաժանորդային վճարը տարեկան 0,99 դոլարի չափով գանձվում էր առանձին օգտատերերից: Անցյալ տարվա հոկտեմբերին հաղորդվել էր, որ ռուսաստանցիները սկսել են ավելի հաճախ օգտվել  WhatsApp մեսենջերից: Հավելվածը գլխավորում է աշխարհի բազմաթիվ առանցքային երկրներում  ամսվա ընթացքում ակտիվ օգտատերերի վարկանիշները:  WhatsApp-ը ժողովրդականություն է վայելում Լատինական Ամերիկայում եւ Եվրոպայում:  Ասիական առանցքային շուկաներում առաջատարը տեղական  «ծանրքաշայիններն են»: Չինաստանում ամենից հաճախ օգտվում են WeChat-ից, LINE-ը տիրապետող է Ճապոնիայում, իսկ    KakaoTalk –ն առաջին տեղն է զբաղեցնում Հարավային Կորեայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: