Պակիստանում YouTube-ի արգելափակումը մոտ օրերս կարող է հանվել Google ընկերության կողմից ծառայության տեղայնացված տարբերակի գործարկման եւ Պակիստանի կառավարության պահանջներին համապատասխան բովանդակության արգելափակման կանոնների մշակման կապակցությամբ, տեղեկացնում է The Express Tribune-ը:
Տեսածառայությունը երկրում չորս տարի շարունակ արգելափակված էր այն բանից հետո, երբ ամերիկյան ընկերությունը հրաժարվել էր կառավարության պահանջով բովանդակություն հեռացնել: Ներկայումս ընկերության դիրքորոշումը փոխվել է: Google-ը հայտարարել է Նեպալի, Պակիստանի եւ Շրի Լանկայի համար ծառայության ազգային էջերի թողարկման մասին, որոնք թարգմանված կլինեն համապատասխան լեզուների եւ որոնցում տեսանյութերի տեղադրման կանոնները համապատասխանեցված կլինեն տեղական օրենսդրության պահանջներին, գրում է Gazeta-ն:
«Մենք տեսանյութերի հրապարակման հստակ կանոններ ենք թողարկել, եւ եթե տեսանյութերը խախտում են այդ կանոնները, դրանք կհեռացնենք: Ի հավելումն դրան, մենք ստիպված էինք YouTube-ի տեղային էջեր թողարկել` զգուշացնելով, որ եթե տեսանյութը տվյալ երկրում անօրինական է, մենք կարող ենք ստուգումից հետո սահմանափակել մուտքը, ասել է Google-ի արտաքին կապերի մենեջերը: Բովանդակության հեռացման պահանջներն այսուհետ էլ կուսումնասիրվեն եւ կներառվեն մեր գործունեության թափանցիկության վերաբերյալ զեկույցում»:



























