Ֆինանսական միջոցների ծավալը, որ Թեհրանը կստանա իր դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից եւ արտասահմանյան ակտիվների ապասառեցումից հետո, կհասնի շուրջ 55 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա կտրուկ հերքել է այն մասնագետների եզրահանգումները, որոնց գնահատականներով՝ Թեհրանը կարող է 100-150 մլրդ դոլար ստանալ:
«Դա մտացածին թիվ է: Չգիտեմ՝ որտեղից են վերցրել: Շուրջ 55 մլրդ դոլար է ստացվում»,- MSNBC հեռուստաալիքի եթերում ունեցած ելույթում հայտարարել է Քերրին: Նա նաեւ ընդգծել է, որ Իրանն այդ գումարն անմիջապես չի ստանա, այլ որոշակի ժամանակահատվածի ընթացքում:



























