Վլադիկավկազի պայթյունի հետեւանքով վիրավորված հայերի վիճակը կայուն է, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  այս մասին հայտարարեց Ռուսաստանի Հարավային տարածաշրջանում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը։ Նրա խոսքով, կրիտիկական պահը հետեւում է մնացել։

«Մեր հայրենակիցները բժշկական անհրաժեշտ օգնություն են ստանում, նրանց մոտ առողջացման միտում է նկատվում»,- հայտարարեց Գոմցյանը՝ նշելով, որ վաղն իր ներկայացուցիչը կայցելի հիվանդներին։

Գլխավոր հյուպատոսի խոսքով, ապաքինվում է նաեւ Հայաստանի զոհված քաղաքացի Արսեն Էլբակյանի եղբայրը՝ Արթուր Էլբակյանը։

Նշենք, որ ներկայումս հիվանդանոցում գտնվում են 8 հայեր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վլադիկավկազի պայթյունի ժամանակ զոհվել էր 4 հայ։

Վերջին տվյալներով, Վլադիկավկազում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պայթյունը խլել էր 17 մարդու կյանք։ Բացի հայերից, նրանց թվում էին Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ։