Հայաստանն ու Իրանը Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման շուրջ բանակցությունների նոր փուլ կսկսեն, որը կարճաժամկետ հեռանկարում արագ լուծման չի հանգեցնի: Այդ մասին հունվարի 19-ի մամուլի ասուլիսին հայտնել է «Հասարակության հետազոտման հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սեւակ Սարուխանյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի համար Իրանի հետ 2 հիմնական նախագիծ գոյություն ունի: Առաջին նախագիծը Հայաստանում երրորդ բարձրվոլտային Հայաստան-Իրան գծի կառուցումն է, աշխատանքներն արդեն իրականացվում են: «Դա ավելի շուտ հայկական նախագիծ է, որովհետեւ գիծը կառուցվելու է Հայաստանի տարածքում, Հայաստանի միջոցների եւ վարկային գումարների հաշվին», - նշել է Սարուխանյանը:
Այդ գիծը, շարունակել է փորձագետը, հնարավորություն կտա մեծացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը եւ հիմք կդառնա Իրան-Հայաստան-Վրաստան կիսաինտեգրված ընդհանուր համակարգի ստեղծման համար: Այս նախագիծը, հավելել է Սեւակ Սարուխանյանը, ոչ մի կապ չունի Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետ: «Երկրորդ նախագիծը Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումն է, որը պիտի իրականացվի իրանական ֆինանսավորմամբ եւ 15 տարի օգտագործվի Իրանի կողմից, հետո փոխանցվի Հայաստանի կառավարությանը: Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը չէր իրականացվում պատժամիջոցների պատճառով, որովհետեւ սահմանափակված էին Իրանի տնտեսական հնարավորություններն ու ներդրումային միջոցները», - նշել է Սեւակ Սարուխանյանը:
Ընթացիկ տարվա հունվարի 16-ին ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը հանել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցները այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԵ) հայտնել էր Թեհրանի կողմից միջուկային ծրագրին վերաբերող բոլոր պայմանների կատարման մասին:




























