Իրանից տարանցիկ գազատարը չի կառուցվի Հայաստանի տարածքով: Այդ մասին հունվարի 19-ի մամուլի ասուլիսին հայտնել է  «Հասարակության հետազոտման հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սեւակ Սարուխանյանը:

Նա նկատի ունի այն գազատարի շինարարությունը, որն Իրանից Եվրոպա  50 մլրդ խորանարդ մետր գազ կարտահանի Հայաստանի եւ Վրաստանի տարածքով` տարածաշրջանով, որը լի է ամեն տեսակ տարաձայնություններով եւ հակամարտություններով: 

«Հարավային Կովկասում առկա է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որում ամեն պահի կարող են ռազմական գործողություններ սկսվել: Գոյություն ունեն օսական, աբխազական, ներվրացական խնդիրներ», - ընդգծել է Սարուխանյանը: Բացի այդ, շարունակել է նա, այդ տարանցիկ գազատարը պիտի անցնի Սեւ ծովի հատակով, այնտեղից էլ` Բուլղարիայով  (մոտավորապես երկու անգամ ավելի երկար է, քան «Կապույտ հոսքը») եւ Բուլղարիայից անցնի Եվրոպա:

«Խոսքը 30-40 մլրդ դոլարի ներդրումների մասին է այն պայմաններում, երբ գազի արտահանման ավելի էժան եւ, ի դժբախտություն մեզ, ավելի կայուն ուղիներ կան. Դա Թուրքիայի տարածքն է: Սակայն հայտնի չէ, թե ինչպես կզարգանա իրավիճակը քրդական խնդրի շուրջ: Եվ երկրորդ` դա հեղուկ գազի հնարավորությունն է, որը կարտահանվի տանկերներով, ինչն ավելի փոքր ներդրումներ է պահանջում եւ ապահովագրված է տարածաշրջանային հակամարտություններից», - հավելել է Սեւակ Սարուխանյանը: