2016 թ . առաջին եռամսյակի վերջում Իրանը կկարողանա նավթի մատակարարումների ծավալն ավելացնել օրական մոտավորապես 300 հազար բարելով, համարում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ):

«Մեր գնահատականով, մինչեւ 2016 թ. առաջին եռամսյակի ավարտը համաշխարհային շուկա կարող է մտնել օրական մոտավորապես 300 հազար բարել լրացուցիչ նավթը»,- հայտնում են ՄԷԳ փորձագետները: Միեւնույն ժամանակ նրանք նախազգուշացնում են, որ զգալի անորոշություն կա այն նավթի քանակի ու որակի վերաբերյալ, որը Իրանը կարող է առաջարկել շուկային կարճաժամկետ հեռանկարում, կարեւոր է նաեւ գտնել գնորդներ , որոնք պատրաստ կլինեն ավելի շատ նավթ գնել առանց այդ էլ գերհագեցած շուկայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Շաբաթ, հունվարի 16-ին, Իրանն ազատվել էր պատժամիջոցների մեծ մասից՝ ՄԱԳԱՏԷ-ն ներկայացրել է զեկույց՝ հաստատելով, որ երկրի իշխանությունները պատրաստակամ են իրականացնել միջուկային ներուժի զգալի նվազման վերաբերյալ՝ երկարատեւ բանակցությունների միջոցով ստեղծված ծրագիրը: Ավելի ուշ Իրանի նկատմամբ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների չեղարկումը հաստատել էին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Պատժամիջոցների գործողության ընթացքում Իրանն օրական մոտավորապես 1 մլն բարել նավթ էր արտահանում, հիմնականում Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ճապոնիա ու Հարավային Կորեա: Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն ասել էր, որ պատժամիջոցների չեղարկումից անմիջապես հետո երկիրը մտադիր է օրական 500 հազար բարելով ավելացնել նավթի ամենօրյա մատակարարումները, իսկ 6-7 ամիս հետո կրկնակի ավելացնել արտահանումը՝ հասցնելով այն 2 մլն բարելի:

Գործակալության տվյալներով՝ դեկտեմբերին Իրանում արդյունահանումն աճել էր օրական 40 հազար բարելով, հասնելով 2.91 մլն բարելի, որը առավելագույնն է 2012 թ. հունիսից սկսած: Դա օգնել էր պատժամիջոցների մեղմացման նախօրեին համալրել Պարսից ծոցի Հարկ կղզում նավթային տերմինալի պահուստի պաշարները: 2015 թ. արդյունքներով արդյունահանումը կազմել է օրական 2.86 մլն բարել:

«Մենք ակնկալում ենք, որ իրանական նավթային հանքավայրերում արդյունահանված ու այս պահին որեւիցե սահմանափակումից ազատ նավթի հոսքերի ծավալը վեց ամսվա ընթացքում կմոտենա մինչպատժամիջոցային հզորությանը՝ օրական 3.6 մլն բարելի... Թեհրանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի երկրի նավթային ոլորտի պատրաստվածությունը ավելի բարձր արտադրողականության»,- նշել են ՄԷԳ փորձագետները: Ընդ որում գործակալության փորձագետները նշում են, որ անկախ նրանից, թե իրականում ինչ ծավալով կավելանա Իրանի արդյունահանումը, այն «կարող է լինել 2016 թ. արդյունահանման զգալի աճի միակ աղբյուրը»: