Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբերն Յագլանդը սեպտեմբերի 13-ին դրական է գնահատել Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Երեկ թուրքերի կողմից հավանության արժանացած հանրաքվեն կարեւոր քայլ է Թուրքիայի՝ եվրոպական ստանդարտներին մոտենալու ճանապարհին»,- ասել է Յագլանդը՝ ավելացնելով, որ բարեփոխումները կնպաստեն երկրում մարդու իրավունքների խախտումների կանխմանը։
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեին «այո» էր ասել քաղաքացիների 58 տոկոսը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հանրաքվեն Թուրքիայում ընթացել էր զանգվածային ձերբակալությունների ֆոնին։
Սահմանադրական լրացումների փաթեթը 26 փոփոխություն է նախատեսում գործող, 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո ընդունված սահմանադրությունում։ Բարեփոխումները վերաբերում են արդարադատության համակարգին, ինչպես նաեւ նախատեսում են օմբուդսմենի ինստիտուտի ստեղծում:




























