Ուսումնական տարվա մոտենալուն զուգահեռ, կրկին ծագել է Թբիլիսիի հայկական դպրոցների խնդիրը: Օգոստոսին պարզվել է, որ որոշ հայ ծնողների մերժել են ընդունել նրանց երեխաների փաստաթղթերը` մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների հայկական բաժին ընդունվելու համար:
«Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Օհանյանի խոսքով, դեռեւս օգոստոսի կեսերին կազմակերպության գրասենյակ է այցելել Վրաստանի` ազգությամբ հայ մի քաղաքացի եւ հայտարարել, որ Թբիլիսիի թիվ 131 միջնակարգ դպրոցի տնօրենը չի ընդունում դպրոցի հայկական բաժնում սովորել ցանկացող երեխաների փաստաթղթերը: Նրա հավաստմամբ, սակայն, տնօրենի մերժումը եղել է բանավոր: Ընդ որում, դպրոցի ղեկավարը նշել է, որ Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարության կողմից տնօրինությանը հրահանգել են հայկական բաժին չբացել:
«Դպրոցի ուսուցիչների հետ մի քանի հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ եւս 8 հոգի ցանկանում են սովորել դպրոցի հայկական բաժնի առաջին դասարանում, բայց նրանց փաստաթղթերը եւս չեն ընդունել»,- նշել է Ա. Օհանյանը հավելելով, որ դպրոցի ուսումնական մասի վարիչը հաստատել է այդ փաստը:
«Վրաստանի Հայ Համայնք»-ը ծնողների բողոքի հիման վրա դիմել է նաեւ Վրաստանի Հանրային պաշտպան Գեորգի Տուղուշիին` ուշադրություն հրավիրելով երկրի ազգային փոքրամասնության իրավունքի ոտնահարման փաստին: Սեփական լեզվով միջնակարգ կրթություն ստանալու` ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքն ամրագրված է ինչպես Վրաստանի Սահմանադրությամբ եւ այլ օրենքներով, այնպես էլ Վրաստանի կողմից վավերացրած միջազգային բազմաթիվ փաստաթղթերով:
Մինչ այդ, «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ թիվ 131 դպրոցի տնօրեն Ինգա Ցերցվաձեն հայտարարել է, որ «դպրոցի տնօրինությանն իբր ուղղված դիմումի» մասին ծնողների հավաստիացումները սուտ են: Նրա խոսքով, փաստաթղթերը չէին ընդունվում միայն այն պատճառով, որ իրեն հետաքրքրում էր ցանկացողների թիվը: «Դա կապված է ֆինանսական խնդիրների, ուսուցիչների աշխատավարձի, պետական դոտացիայի հետ: Եթե դասարանում սովորում է 20-ից պակաս աշակերտ, ապա յուրաքանչյուր աշակերտի համար Կրթության նախարարության տրամադրած վաուչերը չի բավականացնում մանկավարժներին աշխատավարձ վճարելու համար: Առավել եւս, մենք չենք կարողանում վճարել կոմունալ ծախսերը»,- բացատրել է Ինգա Ցերցվաձեն:
Ստեղծված իրավիճակից տնօրենը յուրատեսակ ելք է գտել. որոշվել է այդ երեխաներին ընդունել դպրոց եւ ստեղծել միավորված դասարան` երրորդ դասարանցիների հետ: «Յուրաքանչյուրը կսովորի իր դասարանի համար նախատեսված ծրագրով: Միավորված դասարանը կգործի երկու տարի, այնուհետեւ ներկայի առաջին դասարանցիները կդառնան լիարժեք երրորդ դասարան»,- հավելել է դպրոցի ղեկավարը:
Ծնողներին թեեւ նման որոշումը չի ոգեւորում, այնուամենայնիվ, այն համարում են «չարյաց փոքրագույնը»: «Անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս, որ առաջին եւ երրորդ դասարանցիները միասին են սովորելու, բայց այլ ելք չունենք: Հակառակ պարագայում դասարանն ընդհանրապես չի բացվի»,- կարծում է ծնող Վիկտորիա Մանուկյանը: Մեկ այլ ծնող էլ դժգոհում է. «Եթե իմանայի, որ միավորված դասարան է լինելու, երեխայիս այլ դպրոց կտանեի: Ի՞նչ է նշանակում «միավորված դասարան»: Այդպես ի՞նչ կարելի է սովորել։ Մի՞թե սա միտումնավոր արվող բան չէ, որի նպատակն է արմատից ոչնչացնել հայկական դպրոցը»:
Իսկ միավորված դասարան ստեղծելու իրավունք, Ինգա Ցերցվաձեի խոսքով, իրեն տալիս է դպրոցի ներքին օրենսդրությունը:
Այս հանգամանքը «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչը համարում է անընդունելի, նշելով. «Երեխաներն անկասկած կկանգնեն ուսումնական նյութը յուրացնելու խնդրի առջեւ: Առայժմ մենք սպասում ենք Վրաստանի Հանրային պաշտպանի պատասխանին եւ հետագայում կշարունակենք աշխատել խնդրի ուղղությամբ` փորձելով հասնել սովորական առաջին դասարանի ստեղծմանը»:
Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարի Թբիլիսիում գործում էր հայկական երկու դպրոց ու եւս չորս դպրոցներում հայկական բաժիններ: Իսկ այս տարի մայրաքաղաքի ավելի քան 80 հազար հայերին պարտադրում են հաշտվել հայկական մեկ դպրոցի գոյության փաստի հետ:
Էդուարդ Սահակյան
ՎՀՀ «Միություն» պաշտոնաթերթ





























