Իրանում ձերբակալել են Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության վրա հարձակման կազմակերպչին: Այս մասին հունվարի 19-ին հայտարարել է ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Մուհամմադ Ռեզա Մոհսենիսանին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ոստիկանությանը հաջողվել է նաեւ ձերբակալել հարձակման երկու այլ մասնակցի: Նրանց անունները չեն հաղորդվում:
«Ներկայում բախումներ են տեղի ունենում հարձակման մասնակիցների հետ, նրանց մեծ մասին հաջողվել է ձերբակալել: Դեսպանության վրա հարձակումը կազմակերպած անձը ձերբակակվել է, երբ մուտք է գործել երկրի տարածք»,- հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը:
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարեց 47 հոգու մահապատժի մասին, որոնց թվում էր նաեւ հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը: Դրանից հետո բողոքի զանգվածային ակցիաներ եւ հարձակումներ տեղի ունեցան Թեհրանում եւ Մեշհեդում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչությունների վրա, ինչից հետո Էր Ռիադը հայտարարեց Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:


























