Օրերս Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է բավական հետաքրքիր հնարավորություններ բացել Հայաստանի համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցյում ասել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին՝ հավելելով, որ կառավարության հետ քննարկում են դրանք։

Ըստ Բեյլիի՝ Հայաստանն ու Իրանը կարող են էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը առաջ տանել, ակտիվացնել ավանդական ոլորտներում առեւտուրը։ «Բացի այդ՝ այն 12 տարիների ընթացքում, որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եւ սա իր հերթին կարող է շատ մեծ առավելություն լինել»,- ասում է նա։

Բեյլին ասում է՝ Հայաստանը կարող է նաեւ միջնորդ դառնալ Իրանի եւ Եվրասիական միության միջեւ.- «Հայաստանը Եվրասիական միության միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ եւ այդ նպատակով ներդրումներ կանեն այստեղ: Միգուցե հակառակը՝ Իրանը ցանկանա առեւտուր անել Եվրասիական միության հետ, եւ Հայաստանը լինի այն դուռը, որ կբացի ճանապարհը Իրանի համար: Այնպես որ պետք է սպասենք եւ տեսնենք, թե բոլոր այս հնարավորությունները ինչ զարգացում են ունենալու 2016-ին»։

Հայաստանում այս տարի 2.2 տոկոս տնտեսական աճի մասին իր կանխատեսումը Համաշխարհային բանկը դեռ չի վերանայի, այսօր նաեւ ասաց Լորա Բեյլին: Նավթի գների շարունակական անկման ու ռուսական տնտեսության ծանր վիճակի բացասական ազդեցությունը, ըստ Համաշխարհային բանկի ներկայացուցչի, գուցե հնարավոր լինի հակակշռել:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում