Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանի առջեւ զգալի հնարավորություններ կբացվեն, սակայն մեկ կարեւոր հանգամանք կա՝ մենք չպետք է հրաշքի սպասենք: Հունվարի 20-ին «Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման տնտեսական քաղաքական ու էներգետիկ հետեւանքները Հարավային Կովկասի համար» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտնել է Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պետք է իրականացնի այն բոլոր քայլերը, որոնք ապագայում  քաղաքական ու տնտեսական տեսակետից շահեկան դիրքեր կապահովեն: Ոսկանյանը հիշեցրել է, որ այս բոլոր տարիներին, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվում, նրա հետ գործընկերային ու բարեկամական հարաբերություններ Հարավային Կովկասի տարածաշրջանում միայն մեկ երկիր էր պահպանում ՝ Հայաստանը: «Տարածաշրջանի մյուս երկու երկրները ՝ Վրաստանն ու Ադրբեջանը, տարբեր դիրքորոշումներ ունեին: Վրաստանը երբեմն զգույշ մոտեցումներ էր դրսեւորում, քանի որ վախենում էր մտահոգել Արեւմուտքին:

Ադրբեջանն էլ ոչ միայն զգուշավոր դիրքորոշում էր զբաղեցնում, այլեւ շատ հաճախ անմիջական մասնակցություն ուներ տարբեր հակաիրանական գործընթացների, ընդ որում երկու ձեւաչափերով ՝ սեփական նախաձեռնությամբ սադրելով հակաիրանական գոծընթացներ ու տարբեր ուժերի հետ դաշինք ձեւավորելով»,- շեշտել է Վարդան Ոսկանյանը: Նա պարզաբանեց, որ խոսքը արեւմտյան երկրների, նաեւ տարածաշրջանում Իրանի հիմնական հակառակորդի ՝ Իսրայելի հետ դաշինքների մասին է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ –ն ու ԵՄ-ն հունվարի 16-ի երեկոյան չեղարկել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել էր, որ Թեհրանը կատարել է միջուկային ծրագրին վերաբերող բոլոր պայմանները: