Ադրբեջանում, Ռուսաստանում այդպես էլ բավարար առաջընթաց չի գրանցվել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն իրավապաշտպանների սպանությունների ու նրանց դեմ հարձակումների մեղավորները, որոնք տեղի են ունեցել այդ երկրներում վերջին 2 տարում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գլխավոր հանձնակատար Նավի Պիլեյը, Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդի 15-րդ նստաշրջանի բացման ժամանակ: 

Քննադատելով աշխարհի հզոր երկրներին, Պիլեյը հայտարարել է, որ իրեն մտահոգում է մի շարք երկրներում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, նա դատապարտել է Ռուսաստանին` լրագրողներին ու իրավապաշտպաններին սպանողներին պատասխանատվության ենթարկելու հարցում բավարար ջանք չգործադրելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը քննադատել է նաեւ Չինաստանին եւ մի շարք մահմեդական երկրների, իրավապաշտպանների նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու համար: Նավի Պիլեյի քննադատության տակ է հայտնվել նաեւ Ֆրանսիան, որը արտաքսնում է երկրից ապօրինի բնակվող գնչուներին: «Դա էլ ավելի կխորացնի գնչուների «պիտակավորումը» եւ նրանց ծայրահեղ աղքատ վիճակը»,- ասել է նա եւ կոչ է արել եվրոպական երկրներին, այդ թվում նաեւ Ֆրանսիային, այնպիսի քաղաքականություն վարել, որը թույլ կտա գնչուներին «հաղթահարել լուսանցքայնացումը»: