Հայաստանն այսօր հետաքրքիր շուկա է եւ գրավիչ երկիր Հոլիվուդի համար՝ մասնավորապես անիմացիայի եւ ֆիլմարտադրության ոլորտում, քանի որ  բավականին խաղաղ երկիր է, ինչպես նաեւ շահավետ՝ ծախսերի կրճատման տեսանկյունից։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հոլիվուդյան ռեժիսոր եւ պրոդյուսեր Բորսու Հայսոնը՝ նշելով, որ օրինակ՝ ինքն իր «Խաղաղության ներուժը» անիմացիոն ֆիլմում որոշել է օգտագործել հայ նվագախմբի երաժշտությունը։

«Հայկական երաժշտությունն իմ ֆիլմում օգտագործելը դա բարձրորակ երաժշտությունն ավելի էժան գներով օգտագործելու հիանալի հնարավորություն է»,- ասաց Բորսու Հայսոնը, հավելելով, որ ինքը հիացած է հայ կոմպոզիտորների գրած ստեղծագործություններով եւ հայ նվագախմբերի կատարմամբ։ Նրա խոսքով, հայ անիմատորները այժմ անում են այն, ինչ Հոլիվուդում դեռ տասնյակ տարիներ առաջ էին անում: «Նրանց անհրաժեշտ է վերապատրաստում եւ մենք դասավանդում ենք այդ անիմատորներին՝ որակյալ աշխատանք կատարելու համար»,- նշեց Հայսոնը, չթաքցնելով, որ իր ֆիլմում հայկական երաժշտության օգտագործումը պայմանավորված է նաեւ մատչելի գնով։

Նրա ներկայացմամբ` ներկայումս բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմեր՝ հատկապես անիմացիոն ֆիլմեր, պատրաստում են ոչ թե հենց Հոլիվուդում, այլեւ Ֆիլիպիններում, Չինաստանում, Հնդկաստանում, որտեղ ֆիլմ պատրաստելը շատ ավելի մատչելի է։

«Եթե անիմացիոն ֆիլմ պատրաստելու համար Հոլիվուդում 15-16 մլն դոլար է անհրաժեշտ, ապա Ֆիլիպիններում կարելի է նույն որակի ֆիլմ պատրաստել ընդամենը 5-6 մլն դոլլարով»,-ասաց Բ. Հայսոնը։ Նրա խոսքով՝ նման երկրներում նախ որոշակի դասընթացներ են կազմակերպվում, այուհետեւ օգտագործում են տեղի ներուժը։