Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն փոստային ոլորտում, կթողարկեն համատեղ նամականիշ, միջազգային հարթակում կընդլայնեն փոստային կապերը, կանցկացվեն ոլորտին առնչվող համատեղ ցուցահանդեսներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հունվարի 20-ին նախարարը հանդիպել է ԻԻՀ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ:

Ստորագրվել են Փոստային կապի եւ հաղորդակցական ոլորտում համագործակցության եւ փոխըմբռնման  երկու հուշագրեր: Ստորագրված հուշագրերով՝ Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն փոստային ոլորտում, կթողարկեն համատեղ նամականիշ, միջազգային հարթակում կընդլայնեն փոստային կապերը, կանցկացվեն ոլորտին առնչվող համատեղ ցուցահանդեսներ:

Երկու երկրների միջեւ կստեղծվի նաեւ ինտերնետային գնումների հնարավորություն։ Գնված ապրանքները կառաքվեն փոստային ծառայությունների միջոցով:

ԻԻՀ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին նշել է, որ հայկական պատվիրակության հետ ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ինտերնետի, փոստի եւ կապի ոլորտներում ընդլայնել համագործակցությունը:

Անդրադառնալով երեք շաբաթ առաջ ԻԻՀ կապի նախարարության պատվիրակության Հայաստան կատարած այցին, Վաեզին հավելել է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում կապի ոլորտում Իրանի եւ Հայաստանի համագործակցությունների ծավալը չորս անգամ ավելացել է եւ իրանական կողմը պատրաստ է այն ավելացնել 14 անգամ: