Աշխարհի հանդեպ Իրանի բացվելով պայմանավորված միանգամայն նոր տարածաշրջանային միջավայրի ձեւավորման հեռանկարը եւ այդ հեռանկարին համապատասխան Իրանի համար կամուրջ եւ դարպաս դառնալը Հայաստանի արտաքին ռազմավարական ապագայի գերակայությունն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Առաջնորդվելով այդ գերակայությամբ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի կազմում գտնվող գործիչները մշտապես կողմ են արտահայտվել Իրանի հետ կապված խնդիրների խաղաղ կարգավորման եւ միջազգային հանրության հետ նրա փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությանը:
Այդ պատճառով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ողջունում է ս.թ. հունվարի 16-ից Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացումը, ինչը տեղի ունեցավ ի կատարումն Իրանի եւ Վեցյակի միջեւ ձեռք բերված համաձայնությունների:
Ցավոք, Հայաստանի Հանրապետության ներկայիս ոչ լեգիտիմ եւ համակարգային կոռուպցիայի մեջ թաղված վարչախումբն ի վիճակի չէ կյանքի կոչելու այս պատմական հնարավորությունը, ուստի մեր ժողովուրդը պետք է նախ լուծի իր ազգային շահերն արտահայտող կառավարություն ունենալու հարցը, ինչը հնարավոր է միայն վարչախմբին հեռացնելուց հետո:
Իր հերթին՝ միջազգային համայնքը պետք է նկատի ունենա, որ հայաստանյան վարչախումբը չի համապատասխանում առաջիկա արմատական զարգացումներին, ուստի տարածաշրջանում ձեւավորվող նոր անվտանգային ճարտարապետության մեջ չի կարող լինել հուսալի եւ արդյունավետ գործընկեր:
Մինչ այդ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իր աջակցությունն է հայտնում Իրանի եւ Վեցյակի միջեւ սկիզբ առած դարակազմիկ համագործակցությանը եւ պատրաստ է իր հնարավոր ներդրումն անել դրանում»:




























