Ֆուտբոլն այժմ ԱՄՆ-ում զարգանում է շատ արագ տեմպերով եւ Յուրա Մովսիսյանը կկարողանա այնտեղ իրեն դրսեւորել: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշեց «Սպարտակի» նախկին գխավոր մարզիչ, հայտնի ֆուտբոլիստ Վալերի Կարպինը՝ անդրադառնալով Յուրայի ԱՄՆ տեղափոխվելուն:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը այս ձմռան լքեցին Մոսկվայի «Սպարտակը»: Կարպինը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչու հայ ֆուտբոլիստների մոտ այդպես էլ չստացվեց լիովին ցուցադրել իրենց ունակությունները «Սպարտակում»:
Վալերի Գեորգեւիչ, Յուրան ու Արասը տեղափոխվեցին «Սպարտակ» հենց այն ժամանակ, երբ Դուք էիք ղեկավարում թիմը: Այժմ, երբ նրանք հեռացան, կարելի է ասել, որ սպասելիքները երեւի ավելի մեծ էին: Ինչ եք կարծում, ինչո՞ւ, այնուամենայնիվ, նրանց մոտ չստացվեց լիովին բացվել թիմում:
Ես չէի պնդի, թե Յուրայի մոտ չստացվեց կարիերան «Սպարտակում»: Սկզբում նա իրեն բավականին լավ դրսեւորեց, իսկ թե ինչ եղավ հետո ավելի լավ է հարցնել այն մարդկանց, որոնք եկան «Սպարտակ» ինձնից հետո: Յուրայի առաջին խաղաշրջանը հաջող էր, հետո եկան այլ ֆուտբոլիստներ: Ինձ դժվար է կողքից կարծիք հայտնել:
Իսկ Արասին խանգարեց վնասվածքը: Դա չթողեց, որ նա իրեն արժանավույնս դրսեւորի:
Մովսիսյանը տեղափոխվեց ԱՄՆ` «Ռեալ Սոլթ Լեյք» : Կարծում եք նրա կարիերան անկո՞ւմ կապրի, թե՞ դեռ կկարողանա իրեն դրսեւորել ինչպես պետք է:
Նա կկարողանա իրեն դրսեւորել ԱՄՆ-ում, բայց հետո Եվրոպա վերադառնալը դժվար կլինի: Ֆուտբոլն այժմ ԱՄՆ-ում զարգանում է շատ արագ տեմպերով եւ նա կկարողանա այնտեղ իրեն դրսեւորել:
Դեռ պարզ չէ, թե ուր կտեղափոխվի Արասը: Ո՞ր առաջնությունում եք նրան տեսնում:
Կարծում եմ՝ նա ցանկացած թիմում էլ կարող է խաղալ: Իհարկե, շատ բան կախված է նրա խաղից եւ այն թիմի խաղաոճից, որտեղ նա կգնա, բայց այս հարցում նա խնդիրներ չի ունենա եւ կկարողանա խաղալ ամեն տեղ, ուր որ գնա:
Ժամանակին խոսվում էր Իսպանիայի առաջնության մասին: Դուք որպես շատ լավ ծանոթ այդ առաջնությանը, կարծում եք նա կկարողանա՞ր այնտեղ խաղալ:
Իսպանիայում՝ այո: Կարծում եմ՝ դա նրա մակարդակն է:
Վերա Մարտիրոսյան/ Vera&Football




























