Թուրքիայում հասարակական կազմակերպությունները, արհմիությունները եւ իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ դատի են տալիս երկրի նախկին նախագահ Քենան Էվրանին` 1980 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու համար, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Պաշտոնաթող գեներալին հնարավոր եղավ դատի տալ այն բանից հետո, երբ նա սեպտեմբերի 12-ին կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում զրկվեց դատական անձեռնմխելիությունից:

Իրավապաշտպանները դատական հայցեր են ներկայացրել Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում, պահանջելով, որպեսզի Էվրանը եւ ռազմական հեղաշրջման եւս երկու պարագլուխներ կանգնեն դատարանի առաջ:

Էվրանի խոսքով, զինվորականների միջամտությունը անհրաժեշտություն էր այդ ժամանակ, որպեսզի վերջ տրվի երկարամյա բռնությանը աջ ու ձախ խմբավորումների միջեւ, որը խլել էր 5 հազար մարդու կյանք:
2009-ին Hyurriyet թերթին տված հարցազրույցում պաշտոնաթող գեներալը խոստացել էր կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ, եթե իրեն փորձեն դատի տալ` հեղաշրջման համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին կայացած սահմանադրական փոփոխությունների ժամանակ բնակչության 58 տոկոսը կողմ էր րտահայվել իշխող կուսակցության կողմից նախաձեռնած այդ փոփոխություններին: Սահմանադրական փոփոխությունները ներառում են 26 լրացումներ գործող սահմանադրության մեջ, որն ընդունվել էր 1980-ին:
Նշենք նաեւ, որ 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո թուրքական ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Էվրանը դարձավ երկրի նախագահ եւ զբաղեցրեց այդ պաշտոնը մինչեւ 1989 թվականը: