Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված կարգավորման հարցում կարեւոր է Իրանի վարած հավասարակշռված քաղաքականությունը, որը դարձել է տարածաշրջանային կայունության կարեւոր գործոններից մեկը: Այս մասին իրանական ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
«Հայտնի է, իհարկե, որ հայկական կողմի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքային դիրքորոշումը համարժեք պատասխան վերաբերմունքի չի արժանանում Ադրբեջանի կողմից։
Վերջինիս կողմից հրադադարի պարբերաբար խախտման մարտավարությունը, այդ թվում՝ հայկական բնակավայրերի գնդակոծումը խոշոր տրամաչափի զենքերով, նպատակամղված են վիժեցնելու խաղաղ կարգավորման գործընթացը։ Եվ հենց այս պատճառով է, որ չափազանց մեծ կարեւորություն է ձեռք բերում միջազգային հանրության սկզբունքային վերաբերմունքը տվյալ հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելու հարցում»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով Հայաստանի այլ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Թումանյանը նշել է, որ այդ շարքում կարեւոր տեղ են զբաղեցնում հարեւան պետությունների, մասնավորապես, Իրանի եւ Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը եւ համագործակցության շրջանակների ընդարձակումը։
«Արտաքին քաղաքականության այս ուղղությունը կենսական նշանակություն ունի ՀՀ համար՝ հաշվի առնելով մեր մեկ այլ հարեւան պետության՝ Թուրքիայի կողմից միջպետական սահմանն անօրինական կերպով փակ պահելու հանգամանքը եւ ԼՂ հակամարտության առկայությունը»,-ընդգծել է նա:




























