Մենք այսօր Սիրիայում եւ Իրաքում կրկին տեսնում ենք մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ: Այս մասին իրանական ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
Նրա խոսքով, ահաբեկչությունը չի ճանաչում որեւէ կրոն, ազգություն եւ աշխարհագրական սահմաններ, սպառնալիք է ամբողջ քաղաքակիրթ մարդկության համար: «Հավատացեք դա բնավ չափազանցություն չէ, հաշվի առնելով այդ անդրազգային չարիք-երեւույթի առջեւ բացված մեծ հնարավորությունները տեղեկատվական տեխնոլոգիաների արդի դարաշրջանում: Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է միասնական լինի «Իսլամական Պետության» եւ նման այլ ահաբեկչական կառույցների դեմ առանց նախապայմանների պայքարի հարցում եւ միջազգային իրավունքն էլ լիովին ընձեռում է այդ հնարավորությունը: Ռազմական պայքարից բացի նախ եւ առաջ անհրաժեշտ է վերջ դնել ահաբեկչական կառույցներին տարբեր տեղերից հատկացվող ֆինանսական հոսքերին, իրականացնել համալիր կրթական, մշակութային եւ քարոզչական միջոցառումներ ահաբեկիչների գաղափարախոսության տարածմանը հակազդեցություն ցուցաբերելու համար»,-ընդգծել է Թումանյանը:
Նա նշել է, որ ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունից Մերձավոր Արեւելքում մեծ զրկանքներ են կրել նաեւ էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունները: «Միջազգային ատյաններում Հայաստանը հետեւողականորեն բարձրաձայնել է Մերձավոր Արեւելքում ծայրահեղականների բռնությունների հետեւանքով ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը վերջ դնելու անհրաժեշտության մասին։ Մենք այսօր Սիրիայում եւ Իրաքում կրկին տեսնում ենք մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ:
1915թ. իրականացված մեկուկես միլիոն հայերի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից ահաբեկչության ու ծայրահեղականության դրսեւորում էր: Ցավոք, Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ ուղղված՝ մարդկության եւ քաղաքակրթության դեմ, ինչի վկայությունն են նաեւ այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները:
Հայաստանը մշտապես դատապարտել է ծայրահեղականների կողմից իրականացվող մարդատյաց հանցագործությունները եւ գտնում է, որ խնդիրն այնպիսի կարեւորություն է ստացել, որ ժամանակն է մի կողմ դնել բոլոր երկրների ու քաղաքական ուժերի այլ տարաձայնություններն ու հակասությունները եւ միասնական, սկզբունքային վերաբերմունք դրսեւորել համընդհանուր պայքարի եւ արմատական գործողությունների համար»,-ասել է նա:



























