Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ իր երկիրը որոշել է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը:

Պատժամիջոցները հանելուց հետո հնարավոր կդառնա ներդրումների մասին համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել 2015-ի հոկտեմբերին Ճապոնիայի ԱԳ նախարարի Իրան կատարած այցի ժամանակ:

Երկու երկրների բանկերը հնարավորություն կստանան մասնաճյուղեր բացել եւ արժութային փոխանակման շուրջ պայմանագրեր կնքել:

Սպասվում է, որ Ճապոնիան կփորձի վերականգնել իր դիրքերը Մերձավոր Արեւելքի նավթի ամենահարուստ հանքերից մեկի՝ Ազադեգանի, յուրացման հարցում: Այդ հանքի պաշարները գնահատվում են 26 մլրդ բարել: Ճապոնիան այս հանքի նավթի վերամշակման կոնցեսիայի 75 տոկոսի իրավունք էր ստացել 2004 թվականին, սակայն 2010-ին Իրանի դեմ պատժամիջոցներից հետո դուրս էր եկել նախագծից: