Ֆրանսիայի դեսպանատունը շարունակում է աշխատել Հայաստանի հետ առեւտրային կապերի զարգացման ուղղությամբ։ Այս մասին հունվարի 22-ին՝ Երեւանի Ֆրանսիական համալսարանում ելույթի ժամանակ, ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով հարցին, թե որքանով է Հայաստանը գրավում ֆրանսիացի գործարարներին՝ հաշվի առնելով, որ 2015թ. Հայաստանից հեռացավ այնպիսի խոշոր ընկերություն, ինչպիսին Orange-ն էր։

«Շատ բան կախված է նրանից, թե կոնկրետ բիզնեսն իրեն որտեղ է ավելի լավ զգում եւ որտեղ է ավելի շահավետ համարում աշխատելը։ Ամբողջ հարցը միջոցներն են»,- նշել է դեսպանը։ Այսպես թե այնպես դեսպանատունը շարունակում է ջանքեր գործադրել երկու երկրների միջեւ նոր առեւտրա-տնտեսական կապեր ստեղծելու ուղղությամբ, ասել է Շարպանտիեն։