Իրանը պատրաստվում է վերականգնել ԵՄ-ին նավթի կանոնավոր մատակարարումները, ընդ որում, դա հավանաբար տեղի կունենա արդեն փետրվարին, տեղեկացնում է  WSJ-ն` վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին:  

Իրանական պետական National Iranian Oil Co-ն ակտիվորեն պատրաստվում է փետրվարին առնվազն 1 մլն բարել թեթեւ նավթ մատակարարել ԵՄ-ի միջերկրածովյան նավահանգիստներից մեկին, նշել է WSJ-ին  իր անունը չհայտնած  իրանցի պաշտոնյան: ԵՄ-ին այդ մատակարարումը առաջինը կդառնա արեւմտյան պատժամիջոցների վերացման պահից ի վեր, տեղեկացնում է  RNS-ը:

Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ իրենց երկիրը   մեկ օրում 0,5 մլն բարելով կավելացնի նավթի արտահանումը, իսկ տարվա ընթացքում` 1 մլն բարելով:   «Այդ նավթի մեծ մասը Եվրոպայի համար է նախատեսված», — նշում է Իրանի իշխանությունների իր անունը չհայտնած ներկայացուցիչը, որին մեջբերում է  WSJ-ն:

Պարզ չէ` կկարողանան եվրոպական  նավթի վերամշակման գործարանները օրինական հիմունքներով ձեռք բերել այդ նավթը, որովհետեւ Իրանի դեմ ամերիկյան որոշ պատժամիջոցներ (այդ թվում նաեւ` Իրանի հետ դոլարով գործարքներինը) դեռեւս գործում են, ճշտում է WSJ-ն:

Ֆրանսիական Total ընկերությունը, անգլո-նիդերլանդական  Royal Dutch Shell-ը եւ իսպանական Cepsa-ն Իրանի հետ բանակցություններ են վարում նավթի գնման վերաբերյալ: