Ըստ NEWS.am-ի տեղեկությունների, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակութան անդամները հնարավոր է անվստահության գործընթաց սկսեն ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նոր համազեկուցող նշանակված Գորան Լինդբլադի դեմ: Պատճառը Հայոց Ցեղսպանության մասին Լինդբլադի հայտարարությունն է:
Ինչպես հայտնի է, Լինդբլադի նշանակումը Հայաստանի հարցով համազեկուցողի պաշտոնում՝ մեծ հակազդեցություն առաջացրեց հայ պատվիրակների եւ իշխանության դաշտի ներկայացուցիչների շրջանում, ովքեր շտապեցին հայտարարել, թե Լինդբլադը ֆինանսավորվում է թուրք-ադրբեջանական լոբբիստական կառույցների կողմից, հանդես է գալիս իր հակահայ կեցվածքով, ուստի չի կարող անկողմնակալ լինել Հայաստանի հարցով իր առաքելությունն իրականացնելիս: Լինդբլադի վերջին հայտարարությունն էլ, ըստ էության այն «կոզրն» է, որը հայաստանյան պատվիրակությունը օգտագործելու է՝ շվեդ համազեկուցողի դեմ արշավ սկսելու եւ նրան պաշտոնանկ անելու համար: Նշենք, որ օրերս Գյոթեբուրգում կայացած կոնֆերանսի ժամանակ Գորան Լինդբլադը հայտարարել էր. «Այս տարվա մարտի 11-ին շվեդական խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագիծն անցկացրած ձախ բլոկի կուսակցությունները ցանկանում են Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագիծը մտցնել ԵՄ եւ ՄԱԿ: Նրանք այդ հարցում արդեն պայմանավորվել են եւ ցանկանում են նույնիսկ դպրոցական դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանությունը: Նրանց նախաձեռնությունները տապալելու համար ձեր ձայները տվեք «Մոդերատ» եւ մյուս աջ կուսակցություններին»:
Լինդբլադը, սակայն, հերքել էր իրեն վերագրվող այս հայտարարությունը, նշելով, որ ինքն ասել է միայն հետեւյալը. «Ես կարծում եմ, որ նման սկզբունքային հարցերը խորհրդարանների քննարկման նյութ չպետք է դառնան: Մեր ալյանսի օգտին քվեարկելը կերաշխավորի, որ խորհրդարանը չի անդրադառնա նման պատմական խնդիրների, ու բոլորովին կապ չունի դա կողմ է, թե` դեմ որոշակի շահերի»:
Նշենք նաեւ, որ այս ամենը հաշվի առնելով Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը 4 հարց է ուղղել Լինդբլադին, որոնց պատասխանները սակայն նա դեռ չի տվել:
Նկատենք, որ մի քանի օրից Շվեդիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Աջ» կուսակցությունը, որը չի փայլում հասարակական վստահության բարձր ցուցանիշով: Եթե ստացվի այնպես, որ աջերը չանցնեն խորհրդարան, ապա Լինդբլադն ավտոմատ կերպով կդադարի լինել ՀՀ հարցով համազեկուցող:



























