Իրանը մտադիր է վերադարձնել նավթի շուկայի իր նախկին բաժինը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լոնդոնի համալսարանի Արեւելյան եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոցի ղեկավար, դոկտոր Հասան Հակիմիան:
Նրա խոսքով, կարող է կարծիք ձեւավորվել, որ Իրանը կանխամտածված է լցնում նավթային շուկաները, սակայն պետությունը պարզապես ցանկանում է վերականգնել շուկայում իր տեղը, որն ունեցել է մինչեւ պատժամիջոցների սահմանումը:
Ֆինանսական պատժամիջոցների աստիճանական վերացումը կվերականգնի առեւտրի անհրաժեշտ մեխանիզմները, իսկ դա նշանակում է՝ ապագա գնորդների համար կաճի իրանական նավթի գրավչությունը:
Ըստ Հակիմիանի, այդ նավթը ոչ միայն գրավիչ կլինի, այլ տեսանելի ապագայում՝ նաեւ էժան, հաշվի առնելով շուկայում գոյություն ունեցող այժմյան ավելցուկն ու ցածր պահանջարկը՝ Չինաստանի տնտեսական աճի նվազման պատճառով:
Հիշեցնենք. 2012 թվականի հուլիսի 1-ից Եվրամիությունը, որը գնում էր իրանական նավթի շուրջ 20%-ը, էմբարգո սահմանեց: Իրանի նավթի խոշորագույն գնորդները մնացին Հնդկաստանն ու Չինաստանը: Ամեն դեպքում, եթե պատժամիջոցների սահմանումից առաջ Իրանը Հնդկաստան նավթ արտահանող երկրորդ երկիրն էր, ապա 2014-15 թվականներին՝ արդեն 7-րդը: Իսկ 2015 թվականին իրանական նավթի արտահանումն ընդհանուր առմամբ, Reuters-ի գնահատմամբ, կրճատվել է շուրջ մեկ քառորդով: Մինչեւ 2012 թվականի կեսերը Իրանի արտահանման ընդհանուր ծավալներում նավթի մասնաբաժինը 60% էր:
Այս տարվա հունվարի 17-ին ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն վերացրեցին Իրանի դեմ սահմանված նավթային եւ ֆինանսական պատժամիջոցները եւ ապասառեցրին շուրջ 100 մլրդ դոլարի ակտիվները: Հիմա, իրանցի պաշտոնյաների խոսքով, երկիրը ցանկանում է տարվա ընթացքում ավելացնել արտահանումը՝ հասցնելով օրական 1 մլն բարելի (այսինքն՝ երկու անգամ ավելի):




























