Բրիտանական կառավարությունը եւ ամերիկյան Google կորպորացիայի ներկայացուցիչները համաձայնության են եկել Միացյալ Թագավորությունում համացանցային հսկայի չվճարած շահութահարկի վերաբերյալ, գրում է Wall Street Journal-ը:
Հունվարի 22-ի երեկոյան տարածված պաշտոնական հայտարարության տեքստի համաձայն, խոսքը 130 մլն ֆունտի մասին է (185 մլն դոլարի), որը կվճարվի որպես 2005-ից ի վեր Մեծ Բրիտանիային չվճարված հարկեր:
Ամերիկյան կորպորացիայի ներկայացուցիչները հայտնել են նաեւ, որ Մեծ Բրիտանիայի հարկային նախարարության հետ ամբողջությամբ համաձայնեցրել են հարկման նոր մոտեցումը, որն այսուհետ Google-ը կիրականացնի թագավորության տարածքում: Այդ նոր մոտեցումը պիտի զգալիորեն ավելացնի միջազգային կորպորացիաների վճարումները բրիտանական գանձարան, տեղեկացնում է НТВ-ն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանության ներկայացուցիչներն արդեն հայտնել էին, որ միջազգային խոշոր կորպորացիաները խուսափում են Միացյալ Թագավորությունում իրենց ստացած շահույթից հարկեր մուծելուց` իրենց եկամուտները գրանցելով այլ երկրներում: Նման ընկերությունների թվում են Facebook-ը, Apple-ը, Starbucks-ը, Amazon-ը, Ebay-ը եւ Google-ը:



























