Վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ Կարիճի եւ Կույսի համաստեղություններում իրար հետեւից կշարվեն Արեգակնային համակարգի միանգամից հինգ մոլորակ` Մերկուրին, Վեներան, Սատուրնը, Մարսը եւ Յուպիտերը, տեղեկացնում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը:
Աստղագիտական այդ երեւույթը կտեւի մինչեւ փետրվարի 20-ը, իսկ նրա գագաթնակետը կլինի հունվարի 31-ին, երբ բոլոր հինգ մոլորակները կիպ կմոտենան իրար եւ արեւի հետ մեկ շարք կկազմեն: Սպասվում է, որ փետրվարի 6-ին գիշերային երկնքում Լուսինը, Մերկուրին եւ Վեներան եռանկյուն կկազմեն, տեղեկացնում է RT-ն:
Փորձագետների խոստովանությամբ, այդ տեսարանը հասանելի կլինի լուսաբացից մեկ ժամ առաջ եւ հյուսիսային, եւ հարավային կիսագնդի բնակիչներին: Մոլորակները հնարավոր կլինի տարբերել նաեւ չզինված աչքով, չնայած աստղագետները խորհուրդ են տալիս հեռադիտակ օգտագործել: Հիշեցնենք, որ Հայաստանի բնակիչները եւս կկարողանան հետեւել այդ երեւույթին http://news.am/arm/news/305798.html:
Գիշերային երկնակամարում առաջինը կհայտնվի Յուպիտերը, նրան արդեն կեսգիշերից հետո կհետեւեն Մարսը, Սատուրնը, Վեներան եւ Մերկուրին: Ընդ որում, Մերկուրին, Սատուրնը եւ Վեներան կգտնվեն Կարիճի համաստեղությունում, իսկ Մարսը եւ Յուպիտերը` Կույսի: Մոլորակների հաջորդ շքահանդեսը տեղի կունենա այս ամռանը, ինչից հետո այս երեւույթի ի հայտ գալու ինտերվալը կմեծանա մինչեւ 10-12 տարի:




























