Չինաստանի Տյանցզին քաղաքում գտնվող Գերհամակարգիչների չինական պետական կենտրոնը ծրագրում է առաջիկա տարիներին նոր սերնդի գերհամակարգիչ մշակել, որը հազար անգամ ավելի հզոր կլինի իր նախորդից՝ Tianhe-1A-ից եւ կկարողանա վայրկյանում քվինտիլիոն գործողություն կատարել: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը:
Ծրագրվում է նոր գերհամակարգչի նախատիպը ներկայացնել 2017 կամ 2018 թվականին: Ներկայում Չինաստանում եւ ամբողջ աշխարհում ամենաարագը համարվում է Tianhe-2 գերհամակարգիչը, որը մշակվել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի համար: Այն կարող է վայրկյանում 33.9 քվադրիլիոն գործողություն կատարել եւ արդեն 3 անգամ գլխավորել է 500 հզորագույն գերհամակարգիչների համաշխարհային վարկանիշները:
Սակայն երկրում ամենաշատն օգտագործվում է Tianhe-1A-ը, որն արագությամբ զիջում է Tianhe-2-ին, սակայն ավելի հարմար է տարբեր ոլորտներում կիրառման, այդ թվում՝ նավթի հանքերի հետազոտության տվյալների մշակման, անիմացիոն ֆիլմերի արտադրության, կենսաբժշկական հետազոտությունների համար:




























