Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի համար մեծ դաշտ կա: Այս մասին հունվարի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները, բարեբախտաբար, բավականին բարձր մակարդակի վրա են: «Բայց պետք է նկատել, որ Իրանը ավելի շատ էր հանդես գալիս նախաձեռնողի դերում՝ դա պայմանավորված էր Թեհրանի նկատմամբ Արեւմուտքի դիրքորոշումով ու հայկական կողմի որոշակի զգուշավորությամբ»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Ինտեգրում ու զարգացում» հասարակական կազմակերպոթւյան ղեկավար, քաղաքագետ Արամ Սաֆարյանն էլ իր հերթին շեշտեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո հայկական բիզնեսը դրական ակնկալիքներ կունենա: «Իրանի տնտեսության, քաղաքականության ու աշխարհաքաղաքականության մասին մեր գիտելիքները զգալի թարմացման կարիք ունեն, եթե մենք ուզում ենք իրական դերակատարում ունենալ Ռուսաստանի ու Իրանի փոխգործակցությունում»,- հավելեց Արամ Սաֆարյանը: