Առաջիկայում Իրանն ու Չինաստանը կավելացնեն երկկողմ առեւտրաշրջանառությունը՝ հասցնելով տարեկան 60 մլրդ դոլարի: Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Չինաստամի ղեկավար Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Ըստ ՏԱՍՍ-ի, այցի ընթացքում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք համաձայնագրեր են ստորագրվել: Դրանց վերաբերում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են խաղաղ ատոմային էներգիան, նավթը, գազը, ներդրումները, շինարարությունը, նավահանգիստների եւ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը, ազատ առեւտրի գոտիները:

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինն ուղեւորվել է Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա առաջին շրջագայության: Նա այցելելու է նաեւ Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս: Ժամանակին այս տարածքներն առանցքային էին Մետաքսե մեծ ճանապարհին: Հիմա, ըստ «Կոմերսանտ»-ի, Չինաստանն այս անվանումն իր արտաքին քաղաքական գլխավոր ծրագիրն է դարձրել՝ հույս ունենալով ներդրումների օգնությամբ դիրքերն ամրապնդել անհանգիստ տարածաշրջանում: