Մոլորակագետները բացատրել են ենթադրյալ գոյություն ունեցող այլմոլորակայինների լռության պատճառը: Նրանց կարծիքով, այլ աստղային համակարգերի մոլորակներում կյանքի բարդ ձեւերը   (այդ թվում` բանականը) ծայրաստիճան հազվագյուտ երեւույթ են եւ տարածված չեն Տիեզերքում, ինչպես ենթադրում են որոշ գիտնականներ: 

Եթե էկզոմոլորակներում կյանք առաջանա, չի հասցնի զարգանալ մինչեւ բարդ բազմաբջջային ձեւեր, ինչպես երկրագնդի վրա է, եւ կվերանա: Մասնագետների կարծիքով, դրա պատճառը երկնային օբյեկտների` կյանքի բնական պայմաններ ապահովելու անկարողությունն է, տեղեկացնում է  Lenta-ն:

Երկրագնդի վրա մարդու հայտնվելը կապված է էվոլյուցիայի միլիարդավոր տարիների հետ: Վեներան, Երկիրը եւ Մարսը չորս միլիարդ տարի առաջ իրենց մակերեւույթներին համանման ֆիզիկա-քիմիական պայմաններ ունեին: Սակայն միայն Կապույտ մոլորակն է կարողացել դրանք պահպանել կյանքի ապահովման համար: Վեներայում չափից ավելի շոգ է, իսկ Մարսում ցուրտ է: 

Մասնագետները նշում են, որ էկզոմոլորակում հարմարավետ պայմանների ապահովումը կարող է կապված լինել կենդանի օրգանիզմների գործունեության հետ, որոնք ջերմոցային էֆեկտ են ստեղծում: 

Եթե մարդը երբեւէ կարողանա այցելել այլ մոլորակներ, ապա, ենթադրում են գիտնականները, այնտեղ կհայտնաբերի ոչ թե բարդ, այլ պարզ օրգանիզմների մնացորդներ: