Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից այսօր՝ հունվարի 23-ին, տեղի ունեցավ երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվան նվիրված ավանդական խաչերթը (ֆոտոռեպորտաժ):

Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորի,  դրոշակակիրների,  թմբկահարների, հոգեւորականների եւ զինվորականների  ուղեկցությամբ  խաչերթի մասնակիցները շարժվեցին դեպի Երեւանի Սիրահարների այգի, որտեղ տեղի ունեցավ սիրահարների տոնին նվիրված համերգ, որն արդեն 11 տարի անցկացվում է նույն վայրում:

Նշենք, որ երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն արդեն 11 տարի  Երեւանում մեծ շուքով նշվում է: Այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Միջոցառման շրջանակներում կատարվել է պետական սահմանի առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած երիտասարդ զինծառայողների օրհնության կարգ: Եկեղեցի է բերվել մասունքակիր աջը, նաեւ Ավետիս երեցի ձեռագիրը, որը պահվում է Մատենադարանում: Մինչեւ երեկոյան ժամերգությունը սրբությունները կմնան եկեղեցում։