Իրաքյան Սուլեյմանիա եւ Էրբիլ  (Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքը) քաղաքներում ազատորեն Գերմանիայում արտադրված զենք է վաճառվում, գրում է   Handelsblatt թերթը:

Ականատեսների վկայությամբ, շուկայում հնարավոր է անխոչընդոտ ձեռք բերել G3 տեսակի հրացան եւ Walther P1 ատրճանակ բունդեսվերի նշաններով: Հրացանների արժեքը տատանվում է 1450-ից 1800 դոլարի սահմաններում, իսկ ատրճանակ կարելի է գնել 1200 դոլարով:

Գերմանիայի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Իենս Ֆլոսդորֆը հայտնել է, որ նման տեսակի զենք 2014-ին Գերմանիայից մատակարարվել է Իրաքյան Քուրդիստանի ռազմիկներին, որոնք դիմակայում են ԻՊ-ին: Չափաքանակի ծավալը, նրա խոսքով,  20 հազար միավոր զենք է: Քուրդ աշխարհազորայիններին սպառազինության հերթական մատակարարումը նախատեսված է 2016-ի առաջին եռամսյակում:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերն իր կողմից խոստացել է, որ գերմանական զենքը երրորդ անձանց փոխանցելու վերաբերյալ փաստերը կհետաքննվեն, տեղեկացնում է   Lenta-ն: Միաժամանակ գերմանական կանաչների կուսակցությունը հանդես է եկել Իրաքին սպառազինության տրամադրման լիակատար դադարեցման օգտին, որովհետեւ դրանք կարող են գրոհայինների, այդ թվում` ԻՊ-ի ձեռքն ընկնել: