ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, արձագանքել է Թուրքիայում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին եւ հույս հայտնել, որ ընդունված բարեփոխումները կխթանեն երկրում ժողովրդավարական գործընթացները եւ մարդու իրավունքների պաշտպանությունը: Այս մասն նա հայտնել է սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին, թե, արդյոք, սահմանադրական բարեփոխումները կնպաստե՞ն Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, Քրոուլին պատասխանել է. «Մենք, անշուշտ, հանդես ենք գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին, եւ, կարծում եմ, նկատելի է Եվրամիության դրական արձագանքը այս զարգացումներին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների 58 տոկոսը կողմ է արտահայտվել Էրդողանի կառավարության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Ըստ այդմ, ակնկալվում է կտրուկ նվազեցնել զինված ուժերի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում: Սա հնարավորություն է տվել Թուրքիայի մի շարք իրավապաշտպան կազմակերպություններին` դատական հայց ներկայացնել 1980-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպած պաշտոնաթող գեներալի դեմ: