Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողություն։
Խաչքարը տեղադրվել է Քրիստոսի ծննդյան եկեղեցու բակում։ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը հայտնել է, որ միջոցառմանը մասնակցել են հայ եւ ուղղափառ հոգեւորականության, տեղի հայկական համայնքի եւ քաղաքի ներկայացուցիչները։
Նշենք, որ Ցեղասպանության 100-ամյակը 2014-2015թթ. Ուկրաինայի հայերի միության գործունեության գերակա ուղղություններից է։ Միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է հիշատակի միջոցառումների կազմակերպմամբ։ Նախաձեռնվել են եկեղեցիների բակերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրման աշխատանքներ, հայտնում է Genocide.org.ua-ն։




























