ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորոգյանն այսօր` սեպտեմբերի 14-ին ընդունել է Վալոնիայի (Բելգիա) արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալության (AWEX) գործադիր տնօրեն Ֆիլիպ Սուինենի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության(UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բելգիացի գործարարների խումբը Հայաստանում է` մասնակցելու հայ-բելգիական գործարար համաժողովին: Վալոնիայի արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալության կողմից, UNIDO-ի եւ ԶՀԳ-ի աջակցությամբ, իրականացվում է «ԱրմենՎալ» նախագիծը, որի նպատակը Հայաստանի եւ Բելգիայի ընկերությունների միջեւ համատեղ գործարար ծրագրերի իրագործումն է:  

Ա. Գեւորգյանը կարեւորել է այդ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը` ուրախալի համարելով, որ նախագծում առկա է նաեւ ռեգիոնալ բաղադրիչ:

«ԱրմենՎալ» նախագծում ընդգրկված բելգիական 23 կազմակերպությունների մեծ մասն արդեն սկսել է համագործակցությանն ուղղված իրենց գործունեությունը: Սուինենի խոսքով`  նախագծի հիմնական իմաստը ոչ միայն պարզապես ներմուծում-արտահանումն է, այլ երկկողմ կապերի խորացումն ու զարգացումը: նա նաեւ պատրաստակամություն է հայտնել Վալիոնիայի մասնագետների աջակցությամբ Հայաստանում իրականացնել ջրային ոլորտի հիմնախնդիրների  հետազոտություն:

Ա. Գեւորգյանն այս առնչությամբ նշել է, որ Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային պաշարների հետազոտության անհրաժեշտություն, իսկապես, կա: Հայկական կողմը ներկայումս փորձում է գործընկերներ գտնել` նման հետազոտության իրականացմանն աջակցելու համար: