Իրանը մտադիր է արդիականացնել քաղավիացիայի օդանավերի բազան եւ պլանավորում է Airbus եվրոպական ընկերությունից մինչեւ 127 օդանավ գնել, հայտնում է Deutsche Welle-ն։

Օդանավերի մատակարարման մասին պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն հունվարին։ Ընդ որում, իրանական կողմը հույս ունի օդանավերը ստանալ 2016-2022թթ., ասել է Իրանի տրանսպորտի եւ քաղաքային զարգացման փոխնախարար Ասղար Ֆախրիե Ղաշանը։

Երկրի ղեկավարությունը նաեւ քննարկում է ամերիկյան Boeing ընկերությունից 100 օդանավ գնելու հնարավորությունը։

Իրանի դեմ ավելի վաղ ԱՄՆ կիրառած տնտեսական պատժամիջոցներն ուժի մեջ են մնում, սակայն Boeing-ը կարող է հավակնել հատուկ բացառության։ Միաժամանակ Boeing-ի ներկայացուցիչը հայտնել է, որ նախքան Իրանին օդանավեր վաճառելու մասին որոշումը կայացնելը դեռ երկար ճանապարհ կա անցնելու, փոխանցում է BBC-ն։

Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահունդին հայտնել էր, որ Airbus-ի հետ գործարքը կստորագրվի չորեքշաբթի՝ Հասան Ռոհանիի Փարիզ կատարելիք այցի ժամանակ։

Արեւմտյան երկրների եւ հենց Թեհրանի ներկայացուցիչները կարծում են, որ  մոտակա 10 տարում Իրանին առնվազն 400 օդանավ է անհրաժեշտ լինելու օդանավերի բազան թարմացնելու համար։ Իրանի քաղաքացիական օդանավերը միջինում մոտ 27 տարեկան են։