Հոկտեմբերն ամբողջ աշխարհում հայտարարված է քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Այս մասին սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Գրիգորյանը։
Նրա հավաստմամբ, քաղցկեղի տարատեսակները եւ մանավանդ կրծքագեղձի քաղցկեղը բավականին երիտասարդացել են։ «Պատճառը գուցե մարդկանց տեղեկացված լինելն է, հաճախակի բժկի այցելելը։ Իսկ ընդհանրապես, կանացի հիվանդությունների մեջ կրծագեղձի քաղցկեղն առաջինն է, երկրորդ տեղը զբաղեցնում է արգանդի վզիկի քաղցկեղը»,- նշեց Խաչանուշ Գրիգորյանը՝ հավելելով, որ որքան վաղ փուլում է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան ավելի հեշտ է լինում այն կանխարգելել։
Ասուլիսի մյուս բանախոս, Հայ ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Անի Հակոբյանն էլ հավելեց, որ յուրաքանչյուր 8-րդ կին, ում մոտ քաղցկեղը հայտնաբերվում է հիվանդության վաղ շրջանում, 10 եւ ավելի տարի ապրելու հնարավորություններ է ունենում։ «Ամերիկյան վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են հիմնականում բարձր խավի կանայք։ Անգլիայում, օրինակ, ամեն օր քաղցկեղ է հայտնաբերվում 125 կնոջ մոտ։ Մեզ մոտ՝ Հայաստանում, հիվանդության հիմնական պատճառ են դիտվում սթրեսները։ Կրծքագեղձի քաղցկեղի են հանգեցնում նաեւ 30 տարեկանից հետո կանանց մոտ ի հայտ եկող մաստոպատիաները»,- նկատեց բժկուհին։
Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայ ամերիկյան առողջության կենտրոնի գործունեության 13 տարիների ընթացքում իրենց մոտ կատարված 104 հազար հետազոտությունների արդյունքում կրծագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է 6100 այցելուների մոտ՝ նրանցից 2007-ի մոտ՝ նախնական փուլում։
Շարունակելով՝ Խաչանուշ Գրիգորյանը ընդգծեց նաեւ, որ քաղցկեղի նկատմամբ առավել զգոն պետք է լինեն այն ընտանիքները, որտեղ այդ հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար «Եթե տվյալ ընտանիքում քաղցկեղի դեպք արդեն եղել է, ապա այդ ընտանիքի կանայք ստուգման պիտի գնան սկսած 30 տարեկանից»,- խորհուրդ տվեց կենտրոնի տնօրենը՝ ցավով նշելով, որ հայ կանայք դա հիմնականում անում են հիվանդության ուշ շրջանում։
«Յուրաքանչյուր մարդ իր մեջ պետք է բժշկին դիմելու կուլտուրա դաստիարակի»,- նկատեց Խաչանուշ Գրիգորյանը։ Նրա տեղեկացմամբ, իրենց կենտրոնում մամոգաֆիկ հետազոտման գինն ընդամենը 11000 դրամ է։ «Իսկ հեռավոր գյուղերում եւ մարզերում կանանց հետազոտությունները մենք անվճար ենք իրականացնում»,- տեղեկացրեց նա։
Վերջում բանախոսը նշեց, որ Հայ ամերիկյան առողջության կենտրոնը հավակնում է հզոր հակաքաղցկեղային կլինիկա դառնալ, որտեղ կբուժվեն եւ կվիրահատվեն ոչ միայն կանայք, այլ մոտ ամիսներին բացվելիք հատուկ բաժանմունքում՝ նաեւ տղամարդիկ։




























