Թուրքական խորհրդարանի միակ քրդական կուսակցության նախագահի կոչը՝ դատարկ քվեատուփ ուղարկել Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքին, իրականացրել են Հաքքարիում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի  թիվ 1136 լրիվ դատարկ քվեատուփը փաթեթավորել են, մեջը դրել նամակ եւ ուղարկել Ջեմիլ Չիչեքին։

Դատարկ քվեատուփն ուղարկելուց առաջ, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Հաքքարիի նահանգային կառույցի ղեկավարը հայտարարել է, թե 1136 տեղամասում  գրանցված 417 ընտրողներից ոչ մեկ չի քվեարկել՝ դրանով արտահայտելով իրենց վերաբերմունքը թուրքական իշխանություններին։  Թուրք փոխվարչապետին ուղղված նամակում գրված է եղել հետեւյալ տողերը. «Հազար տարի քրդական մշակույթը եւ լեզուն արհամարհել եք, քրդերին թուրքերեն չեք կարողացել սովորեցնել։ Քրդերն էլ ձեր ձուլման քաղաքականությանը, հանրաքվեին այս դատարկ քվեատուփով են պատասխանել»։

Նշենք, որ իր հակահայ հայտարարություններով հայտնի Ջեմիլ Չիչեքը մի առիթով ասել էր, թե նիգերիացիներին թուրքերեն սովորեցրինք, իսկ Հաքքարիի քրդերին՝ չկարողացանք։

Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան նահանգներում քրդական կուսակցության կոչը՝ բոյկոտել հանրաքվեն, տվել է իր արդյունքը։