2001-ից Հայ ամերիկյան առողջության կենտրոնում գործող բաժանմունքում բուժվել եւ առողջ երեխաներ է լույս աշխարհ բերել անպտղությամբ տառապող 76 կին։ Այս մասին սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Գրիգորյանը, հավելելով, որ մեզ անպտղության խնդիրներ ունեցող բավականին մեծ թվով կանայք են դիմում:

«Այդ 76 երեխաներին վերաբերում ենք որպես մեր թոռների, պարբերաբար հանդիպում նրանց հետ։ Ես էլ միշտ ասում եմ, որ իմ անունը նրանց չդնեն, որովհետեւ դժվար հիշվող է»,- կատակեց Խաչանուշ Գրիգորյանը։

Հայ ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ իրենց մոտ հաջողությամբ բուժում են նաեւ օստեոպորոտիկ կոտրվածքները։

«30 տարեկանից հետո մարդու ոսկրային համակարգը ավելի ու ավելի փխրուն է դառնում, ոսկրագոյացման գործընթացները դանդաղում են, քայքայումն՝ արագանում։ Այստեղից էլ մեծանում է օստեոպորոտիկ կոտրվածքներ ստանալու հավանականությունը»,- նշեց Գրիգորյանը՝ կանանց խորհուրդ տալով տվյալ խնդրից խուսափելու համար հետազոտվել դաշտանադադարից, իսկ տղամարդկանց՝ 60 տարեկանից հետո։