Վանաձորի կենտրոնական հատվածից ոչ հեռու՝ Տերյան փողոցի հենց կենտրոնում Ամանորի տոնական տրամադրությունը շարունակվում է: Փողոցի բանուկ մասում շուրջ մեկ տարի բաց մնացած դիտահորն ընկնելուց ու ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար բնակիչները դիտահորում տոնածառ են տեղադրել:
Տեղադրելը քիչ է, այն նաև զարդարել են գունավոր պոլիէթիլենե տոպրակներով ու պլաստամասե շշերով՝ վարորդների ուշադրությունը գրավելու համար:
Թաղամասի բնակիչներն ասում են, որ այդ հատվածում հատկապես գիշերային ժամերին վթարներ հաճախակի են գրանցվում, երբեմն էլ մեքենաների անիվներն ուղղակի խցանվում-մնում են բաց դիտահորում:
Ու մինչ Վանաձորի քաղաքապետարանում քայլեր կձեռնարկեն բաց դիտահորերի կափարիչները տեղադրելու ուղղությամբ, բնակիչները ստեղծագործական լուծում են գտել խնդրին։
Ամռանն այս նույն թաղամսում բնակիչները կանաչ ծառ էին տեղադրել՝ նույն նպատակով: Եղանակները փոխվում են, ծառատեսակները նույնպես, իսկ դիտահորը շարունակում է մնալ բաց:











