ՆԱՏՕ-ի «Արմենիա-2010» զորավարժանքների շրջանակներում Հայաստան է ժամանել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նա հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին մեկնարկած «Հայաստան 2010» զորավարժություններին մասնակցում են 15 երկրների ներկայացուցիչներ Եվրաատլանտյան գործընկերությունից, Միջերկրածովյան երկխոսությունից, ինչպես  նաեւ 11 այլ պետություններից՝ ընդհանուր առմամբ 600 մասնակից եւ 40 դիտորդ։

Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները նվիրված կլինեն տարերային աղետների հետեւանքների վերացմանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, համաձայն զորավարժությունների սցենարի՝ Կոտայքի մարզում երկրաշարժ է տեղի ունենում, որի արդյունքում մահանում են 12 հազար, վիրավորվում 17 հազար մարդիկ։ Շարքից դուրս են եկել ջրամատակարարման եւ կոյուղու, կապի, գազա եւ էներգամատակարարման համակարգերը, տրանսպորտը, հրդեհվել են մի շարք հիվանդանոցներ, հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել։ Սցենարի համաձայն՝ վթար է տեղի ունեցել նաեւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քիմիական գործարանում, մթնոլորտ  է նետվել 4 տոննա քլոր, վթարվել է քիմռեակտիվներ տեղափոխող բեռնատարը։

Նաեւ, անհայտ վարակի հետեւանքով թռչնաֆաբրիկաներից մեկում սատկել են մի քանի հազար հավեր։ Սցենարի համաձայն, տուժել է նաեւ օդանավակայանը: Հայաստանն աշխարհի երկրներին խնդրում է իրեն օգնություն ցուցաբերել՝ ուղարկելով համապատասխան տեխնիկա եւ մասնագետներ։