Հայ Ազգային կոնգրեսը չի չարախնդա, եթե իշխանությունները կյանքի կոչեն ընդդիմության կողմից ներկայացված փաստաթուղթը: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, նկատի ունենալով ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մշակված «Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ» բանաձեւը:

«Եթե իշխանությունները խելք ունենային, ապա վաղուց ՄԱԿ ներկայացրած կլինեին բանաձեւեր, որոնցով կհակակշռեին Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւերը»,- ասաց նա:

NEWS.am-ի հարցին, թե, արդյոք, իշխանությունները ընթացք կտա՞ն ՀԱԿ ներկայացրած բանաձեւին, թե՞ այն կարհամարհեն՝ Զուրաբյանն արձագանքեց. «Եթե խելք ունենային, ապա վաղուց պետք է նման փաստաթուղթ ներկայացրած լինեին: Մենք այդ շանսը իրենց տալիս ենք, եւ չենք չարախնդալու, եթե իրագործեն: Մենք չենք ասելու՝ տեսեք, մենք իրենց սովորեցրինք սա: Հանուն գործի թող անեն: Բայց եթե չանեն էլ, ապա գոնե ժողովուրդը կտեսնի, որ երկրում կա քաղաքական ուժ, որը ունի կառավարման ծրագրեր, ստեղծված ծանր իրավիճակներից ելքեր եւ ելքերի առաջարկներ: Երբ դու ցույց ես տալիս, որ կարող ես երկիր կառավարել, ժողովուրդը սկսում է քեզ վստահել»:

Նշենք, որ ՀԱԿ-ի մշակած բանաձեւի նախագիծն առաջարկվում է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից հնարավոր նախաձեռնության օրինակ: Մոտ 5 էջանոց այդ փաստաթղթում  հղում է կատարվում միջազգային մի շարք փաստաթղթերի: