Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում վերջին երկու օրերի ընթացքում հեռախոսազանգերն ու ահազանգերը կրկնապատկվել են:  Մարզում տեղացած առատ ձյունը մի շարք խնդիրների պատճառ է դարձել: Միայն երեկ Լոռու մարզի փրկարարական վարչության աշխատակիցները մարզի ճանապարհների տարբեր հատվածներից խցանումներից հանել են 2 տասնյակ, այսօր արդեն՝ 80-ից ավելի մեքենաներ: Վանաձոր-Ալավերդի ճանապարհին խցանված ավտոբուսը՝ շուրջ 20 ուղևորներով,  կարողացել է ճանապարհը շարունակել միայն մարզի փրկարարների օգնությունից հետո:

Հունվարի 24-ին և 25-ին մարզի ճանապարհներին գրանցվել է մի քանի ճանապարհատրանսպորտային պատահար: Տուժածներից երկուսը տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ ներկայում մարզի տարածքում դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի ու Սպիտակ-Ապարան ճանապարհահատվածները:

Ճանապարհների վիճակի մասին լսեցինք նաև մարզի տարբեր կողմերից Վանաձոր ժամանող վարորդների կարծիքը: Նրանց մի մասը դժգոհ էր ճանապարհների վիճակից: Դժգոհությունն էլ հիմնականում համայնքային ճանապարհներից էր:

«Ճանապարհները դժվարանցանելի են, ահավոր վիճակ ա, տրակտորով քաշում գալիս ենք: Ոչ մի աշխատանք էլ չեն տանում գյուղի ճանապարհների վրա: Ցեպեր եմ գցել, դուրս եմ եկել»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սարամեջից Վանաձոր ուղււորվող Վանիչկա Մաթոսյանը։

Սպիտակի տարածաշրջանի Ծաղկաբեր գյուղից Վանաձոր եկած Սամվել Վիրաբյանը ևս դժգոհ է համայնքային ճանապարհների վիճակից.   «Ոչ մաքրած է, ոչ բան: Մի կերպ եկել ենք: Ուշ են մաքրում, մենք առավոտն եկանք, մաքրած չէր»։